
108 դիտում
![]()
Դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ և ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք կարող են ազդել ինքնազգացողության և ֆիզիկական աշխատունակության վրա։ Շատ կանանց հետաքրքրում է՝ արդյո՞ք կարելի է մարզվել դաշտանային ցիկլի օրերին, և ի՞նչ պետք է հաշվի առնել մարզումների ընթացքում։
Թեմայի շուրջ խոսել է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի գինեկոլոգ Իդա Նավասարդյանը՝ ներկայացնելով դաշտանային ցիկլի ընթացքում մարզվելու առանձնահատկությունները, ընդգծելով, որ յուրաքանչյուր կնոջ օրգանիզմի արձագանքը կարող է տարբեր լինել։
«Դաշտանային ցիկլը կնոջ օրգանիզմում տեղի ունեցող բնական ֆիզիոլոգիական գործընթաց է և ինքնին չի հանդիսանում սպորտով զբաղվելու հակացուցում։ Սակայն ցիկլի տարբեր փուլերում կնոջ ինքնազգացողությունը կարող է փոփոխվել, ուստի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է համապատասխանեցնել օրգանիզմի տվյալ պահին ունեցած վիճակին»,-ընդգծում է գինեկոլոգը։
Դաշտանային ցիկլը ֆիզիոլոգիա է, հիվանդություն չէ, սակայն կարող է ամիսների, տարիների ընթացքում ունենալ տարբեր ընթացք նույն կնոջ մոտ՝ կախված հորմոնային փոփոխություններից, կլիմայից, սթրեսային և այլ իրավիճակներից։
«Տատանվում է նաև օրերի տևողությունը, ինչը նույնպես նորմալ է։ Չի կարելի անտեսել առատ դաշտանը, գլխապտույտները, թուլությունը, ցավը և գնալ ֆիզիկական ծանրաբեռնվածության, որը կարող է գործոն հանդիսանալ ինքնազգացողության վատթարացման համար,-նշում է մասնագետը։
Նրա խոսքով՝ կան օրեր, որոնք պահանջում են հանգիստ կամ թեթև ծանրաբեռնվածություն, ինչը շատ անհատական է, և կինը ինքն է որոշում՝ տվյալ ցիկլի ընթացքում ընդհատել պարապմունքները, թե շարունակել։
«Խորհուրդ չի տրվում օգտագործել հորմոնային պրեպարատներ՝ դաշտանը հետաձգելու նպատակով։ Խորհուրդ է տրվում օգտագործել շատ հեղուկներ՝ հիմնականում ջուր։ Իսկ մշտական ցավերի, գլխապտույտի և առատ դաշտանի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի»,-հավելում է Իդա Նավասարդյանը